Երևանում շարունակվում է ապօրինի շրջիկ առևտրի շարժական կետերի տարհանումը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես կան ու կիրառվում են:
«Օրենքում բաց է եղել, և տնտեսվարողներն օգտվել են այդ բացից, բայց դրանք քաղաքի կառուցվածքի համար անընդունելի են»,–ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ևս մեկ անգամ հիշեցնում և զգուշացնում տնտեսվարողներին, որ այսպես չի մնալու։
Տեղեկացվում է, որ այժմ հնարավոր է օնլայն տարբերակով ամրագրել շրջիկ առևտրի կետ մայրաքաղաքում։ Կան սահմանված հատուկ վայրեր` 52 կետ, որտեղ թույլատրվում է ծավալել շրջիկ առևտուր, բայց դրա համար նախապես պետք է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Բյուրոկրատիայից և քաշքշուկից հեռու հնարավոր է ամրագրել ու նաև օնլայն վճարում իրականացնել։
Այն անձինք, ովքեր շրջիկ ավտոմեքենաները կկայանեն ոչ սահմանված վայրերում, կտարհանվեն և կտուգանվեն։
Նշվում է, որ սա արվում է ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար: