Ավանեսյանը չի բացառում, որ որոշ խմբերի համար պատվաստումը պարտադիր դառնա

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ կարանտինի երկարաձգումն անհրաժեշտ է, որպեսզի գերատեսչությունն ունենա սահմանափակումներ մտցնելու կամ վերացնելու գործիքակազմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ռեժիմը ևս վեց ամիսով երկարացնելու նախագիծ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագիծն արդեն կառավարությունում է, և կարծում եմ, որ արդեն այսօր համապատասխան որոշում կկայացվի», - ասաց նա:

ՀՀ–ն բաց է թողել Pfizer–ի 15 000 չափաբաժին գնելու հնարավորությունը. նախարարն ասաց պատճառը

Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ դա պետք է, որպեսզի գերատեսչությունն ունենա գործիքակազմ որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ վերացնելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նա հավելել է, որ անգամ Հայաստան ժամանելիս թեստավորում անցնելու պահանջը գործում է կարանտինային ռեժիմի շրջանակներում:

Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այժմ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի է, սակայն գերատեսչությունը մշակում է նոր սահմանափակումների և որոշ խմբերի համար պարտադիր պատվաստումների սահմանման հնարավորությունը, քանի որ կրթական գործընթացի մեկնարկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կարող է կտրուկ աճել:

«Նախագիծը մշակման փուլում է և շուտով կներկայացվի հանրությանը։ Որոշ դեպքերում, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել, ապա պետք է կորոնավիրուսի վերաբերյալ բացասական թեստ ներկայացնի», - նշել է նա։

Իրավիճակը վերահսկելի է. նախարարը ներկայացրել է պատվաստումների վիճակագրությունը

Նշենք, որ Հայաստանում 2020թ. մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը գործել է արտակարգ դրություն։ Այնուհետև երկրում կարանտին է սահմանվել, որը կտևի մինչեւ 2021 թվականի հուլիսի 11-ը: Հուլիսի մեկից Առողջապահության նախարարությունը չեղյալ է հայտարարել է բաց տարածքներում քաղաքացիների դիմակ դնելու պարտադրանքը։