ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև նոր սահմանային կամուրջը կսկսի գործել 2022 թվականի մայիսին։
Նա կամրջի հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց, որ շինարարությունը ստիպված հետաձգվել էր համավարակի ու պատերազմի պատճառով։ Այժմ աշխատանքը սկսելու հնարավորություն է ստեղծվել, որը կօգնի Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի հետհամաճարակային վերականգնմանը։
Գործող կամուրջը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և նախատեսված չէր միջազգային բեռնափոխադրումների համար։
Հիմա կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Հիշեցնենք` Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։