ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, գրում է «Հրապարակ» թերթը։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։
Ըստ պարբերականի՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։
Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել, գրում է «Հրապարակը»:
«Ժողովուրդ» թերթն էլ գրում է, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռևս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը: Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որևէ պաշտոն զբաղեցնի:
Երբ կգումարի նորընտիր խորհրդարանն 1–ին նիստը, և ով է այն վարելու մինչև նախագահի նշանակումը
Ըստ թերթի՝ նույն անորոշ վիճակում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել: Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: