Ինչպես է փոխվել անշարժ գույքի շուկան Հայաստանում 2021թ․-ի մայիսին․ կադաստրի տվյալները

Մայիսին շարունակվել է բնակարանների հետ կապված գործարքների թվի նվազումը Երևանում (և առհասարակ, անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը հանրապետությունում)։ Ընդ որում՝ Երևանում բնակարանների գներն աճել են մոտ 1 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանում բնակարանների վաճառքը 2021թ․-ի մայիսին ապրիլի համեմատ դանդաղել է 10%-ով, ընդ որում՝ գներն աճել են մոտ 1%-ով: Այս մասին ասվում է շուկայի ամսական վերլուծության մեջ, որը կազմում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։ Գործարքների դանդաղեցում նկատվում էր նաև ապրիլին։

Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր փորձագետ, «Անշարժ գույքի բորսա» գործակալության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին, 2020 թ․-ին անշարժ գույքի հետ կապված գործարքները կրճատվել էին, սակայն գներն աճել էին, քանի որ պոտենցիալ վաճառողները ցանկանում էին սպասել, մինչև ճգնաժամային շրջանն անցնի: Բայց գներն անհնար էր անվերջ բարձր պահել, և 2020թ․-ի վերջից դրանք սկսեցին աստիճանաբար ընկնել (ճիշտ է, բնակարանների զանգվածային վաճառք նույնպես չի եղել, որն արտագաղթի անուղղակի ցուցիչ կլիներ)։

2021թ․-ի սկզբին՝ հունվարից մինչև մարտ, գործարքների որոշակի աճ է դիտարկվել (դրանք, հավանաբար, եղել են նախորդ տարի հետաձգված գործարքները)։ Ապրիլից, ինչպես արդեն նշեցինք, գործարքների թիվը կրկին սկսել է քիչ-քիչ կրճատվել։

Կադաստրային գներն իրականին կմոտենան. ինչպես դա կանդրադառնա բնակարանների սեփականատերերի վրա

Ընդ որում, Երևանում բնակարանների գները վերջին մեկ ամսում մի փոքր աճել են։ Սակայն մեկ ամսվա տվյալներով եզրակացություններ անելը վաղաժամ է. ավելի հստակ ինչ-որ բան կարելի է ասել առնվազն երկու-երեք ամսվա արդյունքներով:

Մեր նկարագրած դինամիկան նկատվում է նաև գների հարցում․ Երևանի տարբեր վարչական շրջաններում մեկ քառակուսի մետրի միջին գները, մայիսի արդյունքներով, զգալիորեն ցածր են մնում, քան նախորդ մայիսին (երբ գները ոչ ոք չէր իջեցրել) և մի փոքր ավելի բարձր, քան ընթացիկ տարվա ապրիլին։ Փորձենք ներկայացնել դա աղյուսակի տեսքով։ 

Գին, հազար դրամ/քմ

Մայիս 2020

Ապրիլ 2020

Մայիս 2021

Կենտրոն

668

610

615

Արաբկիր

463

440

445

Շենգավիթ

303

298

301

Նոր-Նորք

296

294

296

Մալաթիա-Սեբաստիա

294

283

285

Էրեբունի

293

281

284

Եթե խոսենք անշարժ գույքի մյուս տեսակների գործարքների մասին, ապա Երևանում կրճատվել են նաև ավտոտնակների և հողատարածքների հետ կապված գործարքները, ավելացել են սեփական տների գործարքները (բայց մեկ ամսվա տվյալներով որևէ եզրակացություն անել հնարավոր չէ)։ Մարզերում (ներառյալ մարզային քաղաքները) նույնպես կրճատվել է բնակարանների վաճառքը, մի փոքր ավելացել են սեփական տների հետ կապված գործարքները։ Մայիսին, ապրիլի հետ համեմատ, աճել է գյուղատնտեսական հողի առքուվաճառքի գործարքների թիվը։ Բայց, ինչպես և մյուս դեպքերում, այստեղ ևս վաղ որևէ երկարաժամկետ եզրակացություն անել չենք կարող (ապրիլին, օրինակ, այդ գործարքների թիվը մարտի համեմատ կրճատվել էր)։

Ինչու գույքահարկի զրոյական տեղեկանք չեն տրամադրում և ինչ անել. կադաստրի պարզաբանումը