ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած կամ ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքները պարգևավճար կստանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը 250,000 դրամ պարգևավճար կստանա,առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 150,000 դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 100,000 դրամ։
Պարգևավճարը նշանակվում է զոհվածի ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար:
Այս դեպքում ընտանիքի անդամ է համարվում զոհվածի՝ ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված՝ ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը (եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)։ Պարգևավճարի նշանակման համար դիմողը պետք է իր փաստացի բնակության (հաշվառման) վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնի՝
1) դիմում,
2) անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չստանալու մասին տեղեկանք,
3) քաղվածք՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը,
4) պարգևավճար ստանալու իրավունքը հավաստող փաստաթղթեր, այդ թվում`
- ամուսնության վկայականը` զոհվածի ամուսնու համար,
- զոհվածի ծննդյան վկայականը` զոհվածի ծնողի համար,
- երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ զոհվածի երեխայի համար,
- ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ԲՍՓ (բժշկասոցիալական փորձաքննություն) իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր:
Ընտանիքի անդամի ցանկությամբ և անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա կարող է առանձնացվել նրա բաժնեմասը, որը հաշվարկվում է պարգևավճարի գումարն ընտանիքի՝ պարգևավճարի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով։