ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի արոտավայրից հափշտակած 81 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
«Այդ ուղղությամբ մենք դեռ չունենք որևէ վերջնական լուծում։ Կա որոշակի աշխատանք, բանակցություններ»,– ասաց Սանոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 81 անասունները պատկանում են համայնքի 5 ընտանիքների, որոնք մարզի ղեկավարության կողմից որոշակի ֆինանսական աջակցություն են ստացել։
«Հիմա սպասենք, տեսնենք` պրոցեսն ինչպես կզարգանա, մինչև կհասկանանք այս ընդհանուր պրոցեսի մեջ անասունները կվերադարձվեն, թե չէ։ Եթե ոչ, պետությունը ինչ–որ բան կնախաձեռնի»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 5-ին հայտնի Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել էին հայ հովվի ուղղությամբ։
Հովիվը փորձել էր նախիրը արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել էր նրա ուղղությամբ։
Հովիվը չէր տուժել, իսկ թշնամին տարել էր անասունները։
Սանոսյանն արձանագրեց, որ 44–օրյա պատերազմից ու հատկապես մայիսի 13-ից հետո մարզում ոչ միայն արոտավայրերը, այլև խոտհարքներն օգտագործելու խնդիր է առաջացել։
«Բայց նաև ունենք վայրեր, որտեղ երբ մեր բնակիչները պետք է խոտը հավաքելով զբաղվեն, մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, որպեսզի մեր բնակիչներն իրենց ավելի ապահով զգան և այդ վայրերում կարողանան իրենց աշխատանքներն անել»,– ասաց Սանոսյանը։
Մարզպետը հայտնեց, որ մարզի առավել բարձրադիր վայրերում խոտը հավաքելու պրոցեսը դեռ չի սկսվել, նա միաժամանակ հույս հայտնեց, որ ռուս սահմանապահների տեղակայման արդյունքում նաև այս խնդիրը կկարգավորվի, ու մարզի բնակիչները կկարողանան օգտվել այդ տարածքներից։
Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. Գնել Սանոսյան
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան