ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշենք` միջադեպ է եղել Վերին Շորժայի հատվածում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ունենք 2 վիրավոր։
Կատարվածն, ըստ Արման Թաթոյանի, ապացուցում է, որ ադրբեջանական ԶՈւ ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Թաթոյանը հատուկ ընդգծում է՝ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, նաև սարատեղիները, որտեղ տարվա որոշ ամիսներին մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ:
«Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ»,- շեշտում է ՄԻՊ-ը։
Նա հավելում է, որ ադրբեջանական զինծառայողների՝ այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:
Նրանք նույնատիպ արարքներ՝ կրակոցներ, կենդանիների գողություններ և այլն, պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:
«Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Ստացվում է, որ ադրբեջանական զինծառայողների արարքները նաև նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։
Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: