«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Ջիվան Գասպարյանի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել էր։ Հարազատները չեն ցանկանում խոսել պատճառների մասին, բայց շատ են ուզում, որ նա հուղարկավորվի հայրենի հողում։ Թե ինչ կլինի, պարզ կդառնա առաջիկա օրերին: Մինչ այդ նրա մասին պատմում են մտերիմները։
Sputnik

«Ես դուդուկը հայտնի դարձրի, դուդուկն էլ` ինձ». անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ մշակույթի մեջ։ Աշխարհը նրա շնորհիվ սկսեց հայկական դուդուկի ձայնը տարբերել այլ գործիքներից։ Վարպետը կնոջ հետ ապրում էր Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իր սիրելի տանը։ Կնոջ մահից հետո մնաց մենակ, իսկ հետո մեկնեց ԱՄՆ։ Կորոնավիրուսն ու ախտորոշված հիվանդությունը պատճառ դարձան, որ Հայաստան գալը հետաձգվի։ Ցավոք, վարպետը մահացավ ԱՄՆ-ում։

Թե ինչպիսին էր Ջիվան Գասպարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում են նրա մտերիմները։

Հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյան

«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Ջիվան Գասպարյանի մահվան բոթը հայտնեց դուստրս։ Վերջին անգամ հեռախոսազրույց էինք ունեցել մոտ 2 ամիս առաջ, իրեն լավ էր զգում։ Մոտ մեկուկես տարի առաջ առողջական խնդիրներից ելնելով` տեղափոխվեց ԱՄՆ՝ հարազատների մոտ։ Միշտ ասում էր` էս մի բուժումն էլ ստանամ ու գամ իմ Երևան, ես իմ Երևանն եմ կարոտել։ Երբ Հայաստանում էր, շատ–շատ էինք շփվում, մանավանդ երբ լրացավ վարպետի 90–ամյակը։

Ինչպես Ստալինը ժամացույց նվիրեց Ջիվան Գասպարյանին․ ծիրանափողի հնչյունները նվաճեցին աշխարհը

Որոշեցի վարպետին մի լավ անակնկալ մատուցել, ասացի, որ ծննդյանդ օրը 90 դուդուկահարով գամ, շնորհավորեմ, ո՞նց քեզ կզգաս, ասաց` բալա ջան, անհնար բան ես ասում։

Կազմակերպեցի։ Վարպետի 90-ամյակին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 112 դուդուկահար նվագեցին, որոնց միացավ նաև Ջիվանը։ Հիշում եմ` հիացած էր, նման բան Հայաստանում չէր եղել։ Դրանից հետո մեր հարաբերություններն ավելի ջերմացան։ Ինձ ասաց` քեզ ուզում եմ դուդուկ նվիրել, հատուկ արտերկրից կարմիր փայտ բերել կտամ, իմ ձեռքով կպատրաստեմ։

Շատ ուրախացա, բայց ասացի, որ իր նվագած հին գործիքներից մեկն եմ ուզում։ Հենց այդ պահին ձեռքն առավ իր ամենահին դուդուկներից մեկն ու նվիրեց ինձ։ Հենց այդ գործիքով էր 30 տարի առաջ «Արցախը» նվագել։ Հետո դուդուկի վրա ոսկեզօծ տառերով անունս էր գրել տվել։ Այդ դուդուկը ես աչքիս լույսի պես եմ պահում։

Վստահ եմ, որ վարպետն իր կյանքում ամեն ինչ հասցրեց, բայց մի կիսատ գործ ուներ, որ ինձ էր վստահել։

Ջիվանը դուդուկի մի մենանվագ ուներ, ինձ անընդհատ ասում էր` դրա վրա մի բան մտածի, մի նոր մեկնաբանություն տուր, «մեջտեղ հանի», ինչը ես մեծ սիրով կանեմ։ Ի դեպ այդ ուղղությամբ մի փոքր աշխատանք արդեն տարել եմ։

Մեր երիտասարդ դուդուկահարները պետք է շնորհակալ լինեն նրան, որ իրենց համար ամբողջ աշխարհում ճանապարհ հարթեց։

Երգչուհի Նունե Եսայան

«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Երբ Ջիվան Գասպարյանին առաջին անգամ տեսա, շատ փոքր էի` երևի 5-6 տարեկան։ Հայրս շինարար էր ու վարպետի` Ձորաղբյուրում գտնվող ամառանոցն էր սարքում։

Գալիս էր մեր տուն, հայրիկիս վերցնում էր, գնում էին, ու ես միշտ իրեն հիացմունքով էի նայում` պատկերացում անգամ չունենալով, որ մի օր միասին համագործակցելու ենք։ Ինձ համար դա հեքիաթի նման մի բան էր։

Հոգեցունց դուդուկ. Ջիվան Գասպարյանի մի քանի ամենավառ ելույթները

Ջերմ հարաբերություններ ունեինք վարպետի հետ։ Միասին ճամփորդել ենք, մենահամերգներ ենք ունեցել, ինչի համար երախտապարտ եմ նրան, որովհետև այդ տեսակ մարդկանց հետ շփվելը, համագործակցելը, նույն բեմում լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր արվեստագետի համար։

Վարպետից մի միտք է մեջս շատ տպավորվել։ Մի օր սփյուռքահայերի հետ խոսեցինք հայրենիքից, Հայաստանից, ասացին, որ հայրենիքում վաղուց չեն եղել, բայց շատ կուզեին և այլն։ Ասաց` գիտե՞ք ինչ, արջը անտառից երբեք չպետք է խռովի, ամեն մարդ, որտեղ ինքը գոյատևում է, այնտեղ էլ պետք է ապրի։

Հատկապես այս օրերին ես ուզում եմ վարպետի այս խոսքերը փոխանցել մեր հայրենակիցներին։

Մեկ էլ վարպետից մի կատակ է մեջս շատ տպավորվել։ Շրջագայությունից Երևան էինք գալիս, օդանավակայանում զրուցում էինք ու արդեն գիտեինք, որ հանդիպել էր աշխարհահռչակ երաժիշտ Պիտեր Գաբրիելի հետ, պետք է համագործակցեին, անգամ նրանց տանն էր եղել, ասացինք` դե, վարպետ պատմիր, թե ինչ տպավորություններ ունես, ասաց՝ գնացի իր ստուդիա, շատ լավ էր, շատ լավ ընդունեցին։ Հարցրինք` իսկ ինքը ինչ «ձևի» էր, ասաց. «Ախր շատ մուզիգալնի լակոտ ա, է՜»։ Այդ արտահայտությունը հայ երաժիշտների շրջանում թևավոր խոսք է դարձել։

Միայն ուրախ եմ, որ նա մինչև իր կյանքի վերջ ստեղծագործեց, ճամփորդեց ու ամենակարևորը՝ գնահատվեց։

Երգահան, կիթառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյան

«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Ես բավական ժամանակ համագործակցել եմ Ջիվան Գասպարյանի հետ, շրջագայել ենք տարբեր երկրներում, գրեթե միշտ երեքով էինք՝ ես, վարպետ Ջիվանն ու կրտսեր Ջիվանը։

Ինքն այնքան արտիստիկ էր, որ մեկ վայրկյանում կարողանում էր հանդիսատեսին կախարդել, ու կապ չունի, թե նրանք ինչ ազգ էին, նա բռնում էր ձեռքներից ու տանում իր աշխարհ։

Մարդկային շատ լավ որակներ ուներ, ընկերասեր էր։ Մի օր շրջագայությունից հետ էինք գալիս, օդանավակայանում ինձ հայեր տեսան, զգացի` գինովցած են, բայց ընդառաջեցի ու նրանց տված փաթեթը դրեցի ճամպրուկիս մեջ, որ բերեմ Հայաստան։ Հետո միայն ինքնաթիռում մտածեցի` կարող է վտանգավոր փաթեթ էր, ու հիմա ինձ պատասխանատվության կենթարկեն, Ջիվանին ասացի, նայեց, ժպտաց, ասաց՝ չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ։ Ինքն իսկական հայ էր, ու որ երկրում եղել ենք, Ջիվանը հայի պատիվը միշտ բարձր է պահել։

Դուդուկահար Կամո Սեյրանյան

«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին

Սա մեծ կորուստ է դուդուկահարների համար, որովհետև հենց Ջիվան Գասպարյանի շնորհիվ դուդուկը լայն ճանաչում ստացավ աշխարհում։

Ջիվան Գասպարյանը իմ տեսած դուդուկահարների մեջ ամենաբախտավորն է եղել, որովհետև ամբողջ կյանքում բարձունքի վրա է եղել, փայլել է։ Ես վստահ եմ, որ Ջիվանը կիսատ գործ չի թողել, նա իր բոլոր նպատակներն իրականացրել է։ Մեր հիշողություններում մեր վարպետը կմնա ամենապայծառ ու նպատակասլաց անձնավորությունը։

Հիշեցնենք` Ջիվան Գասպարյանի մահվան մասին երեկ տեղեկացրել էր նրա թոռը։ Վարպետը հոկտեմբերին կդառնար 93 տարեկան։