Օտար լեզվի քննության թեստերը տալու համար 3000 դոլար կաշառք է վերցրել. ԱԱԾ-ն ձերբակալել է

Կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:
Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, որը 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ է, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն։

ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

Նա «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ:

Լ.Ա-ն 2021 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3.000 ԱՄՆ դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են:

ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն պիտի պատրաստ լինեն կանխելու ցանկացած մարտահրավեր. Նիկոլ Փաշինյան

Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել: