Որ ոչ մի անազնիվ ձեռք չհասնի հայ զինվորի շենքին. Սահակյան–Մուրադյան վեճը շարունակվում է

Արմեն Մուրադյանը պնդում է, որ վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս, որից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։ Արտավազդ Սահակյանը հրապարակում է «Զինվորի տան» տնօրենի նամակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Արտավազդ Սահակյան–Արմեն Մուրադյան ֆեյսբուքյան վիճաբանությունը շարունակվում է։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր գրառում է արել` արձագանքելով գործընկերոջ` իր դեմ ուղղված քննադատություններին։

«Քնած զինվորը» հաղթանակ պարգևեց. ինչպես ստեղծվեց աղմուկ հանած լուսանկարը

Նախ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը Facebook-ի իր էջի տեսաուղերձում հրապարակել է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանի նամակը` կենտրոնում նախատեսվող վերանորոգման աշխատանքների մասին և եզրակացնում. «Այստեղ ոչ մի տարածք չի թողնվում միկրովիրաբուժության ամբիոնի գործունեության, ինչպես նաև բժիշկների, կլինիկաօրդինատների ու մյուսների համար»։ Սահակյանը պնդում է, որ այդ ամենը կատարվել է իրենց թիկունքում` Հայկուհի Մինասյանի միջոցով ու ռեկտոր Արմեն Մուրադյանի հովանավորչությամբ ու թողտվությամբ։

Սահակյանն իր ուղերձում դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ու կառավարությանը` հորդորելով վերանայել վերանորոգման որոշումը, քանի որ, իր մեկնաբանությամբ, ամբիոնից թաքուն կատարվել է գործարք` առանց հաշվի առնելու ամբիոնի ու ամբիոնի աշխատակազմի շահերը։

«Նույնիսկ կառավարությունում կարծել են, թե Արտավազդ Սահակյանն է դա ցանկանում անել,– ասում է նա,– իրականում պատկերը հետևյալն է` առևանգվում է մեր տարածքը, կառուցվում է արդեն մասնավոր մեկ այլ կազմակերպություն այս հիմնարկում, և դա, որպես կանոն, միշտ կատարվում է որևէ բարեգործական, հասարակական դրոշի ներքո»։

18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը

Ավելի ուշ Սահակյանին պատասխանել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հերքելով Աբովյան 58 շենքը օտարելու մասին լուրը։

«Շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված, և պարզապես 15 տարի ժամկետով հայ զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում»,– գրում է Մուրադյանը` հրապարակելով այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի օրոք ընդունված կառավարության երկու որոշումները։

«Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով «Հայ Զինվորին» անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ եք, Արտավազդ Բագրատիչ, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե 15: Հուսով եմ Դուք ևս կօգնեք մեզ, որ այդ շենքը տրվի «Հայ Զինվորին»՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի «Հայ Զինվորի» արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին»,– գրում է Մուրադյանը։

Նա նաև նշում է, որ Աբովյան 58 շենքը՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության, վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։ Իսկ մինչ վերանորոգման աշխաըտանքների ավարտը Արտավազ Սահակյանին առաջարկում է ժամանակավորապես տեղավորվել Հերացի, Միքայելյան կամ Զինվորի տան վերանորոգված տարածքում։ Ըստ նրա` վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս, որից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։

Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը

Հիշեցնենք` հուլիսի 1-ից մամուլում աղմուկ էր բարձրացել, որ հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր հիմնադրած կլինիկան։ 2 օր անց`հուլիսի 3-ին, Արտավազդ Սահակյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել էր տարածված լուրերը` ասելով. «Ոչ ոք չի պարտադրում հեռանալ աշխատանքից կամ զբաղեցրած պաշտոնից, բայց պարտադրում են դուրս գալ այն շենքից, որտեղ արդեն երկար տարիներ գործում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան»։

Ընդ որում, ըստ նրա, այդ պատմությունը նոր չէ և սկսվել է դեռ 2017 թվականիցն, երբ Արմեն Մուրադյանը նշանակվել էր ԵՊԲՀ ռեկտոր ու իրեն հորդորել լքել տարածքը, տեղափոխվել մեկ այլ տարածք, ինչին ինքն ընդդիմացել է։ Այն պատճառաբանությունը, թե այդ պահանջը կապված է կլինիկայի վերանորոգման հետ, Սահակյանն անհիմն էր որակել` ասելով, որ իր անձնական կապերի և բժիշկների շնորհիվ ամբողջ բաժանմունքը հիմնովին վերանորոգվել է։

Վիրավոր զինծառայողի ծննդյան օրն են տոնել վերականգնողական կենտրոնում. հուզիչ տեսանյութ

Սահակյանից հետո Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ կապված վերանորգման աշխատանքների հետ` բժիշկ Սահակյանին բազմիցս առաջարկվել է ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը կա՛մ Հերացի, կա՛մ Միքայելյան հիվանդանոցներում՝ մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:

Բարձրացված աղմուկին արձագանքել էր նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը` ասելով, որ օրեր առաջ դիմել է Արմեն Մուրադյանին խնդրանքով՝ ժամանակավոր տեղափոխել «Զինվորի Տանը» տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված՝ առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով: