Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

ՔԿ-ն նշում է, որ նա Քարահունջ բնակավայրի չորս բնակիչների հարկադրել է մասնակցել Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

65 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի․ ընտրախախտումների վիճակագրություն

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի այդ, Լուսինե Ավետյանը, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք են բաժանել. 2 մարդ կալանավորվել է

Լուսինե Ավետյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։  Կատարվում է նախաքննություն: