«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիները Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբար են կազմակերպել արցախցի և վարդենիսցի դպրոցականների համար:
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բյուրականի համալիրի շենքերից մեկում մի խումբ դեռահասներ իրենց տարիքին բնորոշ ջերմեռանդությամբ վիճում էին հերթական մաթեմատիկական գլուխկոտրուկի լուծման ճիշտ ու սխալ լինելու շուրջ։

Ընդարձակ լսարանում իրական կրքեր են փոթորկում․ աղջիկների զգացմունքային փաստարկներին ի պատասխան ակնոցներով տղան հանդարտ ու վստահ ապացուցում էր, որ նրանց լուծումը սխալ է։

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

10 օրվա ընթացքում սա երրորդ և վերջին մաթեմատիկական «ճակատամարտն» էր, որ 12-15 տարեկան 19 դպրոցականներ անցկացնում էին ամառային ճամբարում։ Դպրոցականներից երեքը ծնունդով սահմանամերձ Վարդենիս քաղաքից են, մյուսները՝ Արցախի տարբեր շրջաններից։

Ճամբարի պաշտոնական փակմանը երեխաներն իրենց ջանքերի համար հավաստագրեր ստացան, խորհուրդներ ու խրատներ՝ մեծերից, այդ թվում՝ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից։ 

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Աստղաֆիզիկոսի թոռնուհին՝ լեզվաբան-թարգմանիչ Աննա Համբարձումյանը այն մարդկանցից է, որոնք Արցախից հարկադիր տեղահանվածներին, հատկապես՝ երեխաներին, օգնում էին վերապրել պատերազմը։

«Հենց այդ ժամանակ էլ նկատեցի, որ երեխաների մեջ շատ են շնորհալիները, հատկապես՝ մաթեմատիկայի մասով։ Նրանց համար Բյուրականում ամառային ճամբար կազմակերպելու միտք ծագեց»,-պատմում է Աննան։

Գաղափարի մասին նա պատմեց քրոջը՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների պրոֆեսոր Գայանե Պանինային, որը միացավ նրան։ Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը համաձայնեց ընդունել երեխաներին և անվճար տեղավորել աստղադիտարանի հյուրանոցում։ Մյուս ծախսերը խոստացան հոգալ տեղական հիմնադրամները։ Բայց երբ գործը հասավ ճամբարի կազմակերպմանը՝ հիմնադրամները հրաժարվեցին օգնել քույրերին։

«Ես մտածեցի, որ մեր՝ Համբարձումյան ընտանիքն իրավունք չունի թողնել այս գործը։ Մեր պապիկը՝ Վիկտոր Համազասպովիչը, նմանատիպ դեպքում ինքը կհոգար ծախսերը։ Մենք էլ որոշեցինք սեփական ուժերով գլուխ հանել»,-պատմեց Գայանե Պանինան։

Եվ ահա, հենց որ Համբարձումյան ընտանիքի անդամներն այդպիսի որոշում ընդունեցին, անսպասելիորեն հովանավոր գտնվեց՝ մոսկվայաբնակ մի հայ, որը ցանկացավ անանուն մնալ։ Իսկ կազմակերպչական հարցերում մեծ աստղաֆիզիկոսի թոռնուհիներին օգնեցին Future is now բարեգործական հիմնադրամն ու Հասմիկ Գասպարյանը, որի հետ Աննա Համբարձումյանը ծանոթացել էր պատերազմի օրերին։

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Մրցույթի արդյունքում ամառային դպրոցին մասնակցելու համար ընտրվեց 19 դպրոցական։

«Շատ կարևոր էր, որ գան հենց հետաքրրքված, մաթեմատիկայից հասկացող երեխաները, հակառակ դեպքում ճամբարը նրանց շատ արագ կձանձրացներ»,-ասում է Պանինան։

Բացի բուն «աշխատանքային» ծրագրից, որի շրջանակում երեխաները մաթեմատիկական խնդիրներ և գլուխկոտրուկներ էին լուծում, մասնակցում մաթեմատիկական խաղերի, դասախոսություններ լսում, նրանց համար նաև հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ են կազմակերպվել։ Երեխաներին բարդ հոգեվիճակից դուրս բերելու համար նաև հատուկ դասեր են եղել՝ խաղ-զրույցներ տարբեր թեմաներով։ Այս հարցում օգնել է Գայանե Պանինայի դուստրը՝ Անուշը, որը երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի։

-Ի՞նչն էր ամենատպավորիչը,-հարցնում եմ երեխաներին։

-Արագած բարձրանալն ու աստղային երկինքը՝ աստղադիտակի միջից,-անմիջապես պատասխանում են մի քանի ձայն։

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Աղջիկներից մեկը, ոգևորությունը չթաքցնելով, ցույց է տալիս լուսնի հիասքանչ լուսանկարը, որն արել է աստղադիտակում երևացող պատկերից։

Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբարի կազմակերպիչները չեն բացառում, որ իրենց նախաձեռնությունը կարող է շարունակական լինել։