Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չեն երկարաձգում. Ղազինյան

Արթուր Ղազինյանը հայտնում է, որ Յուրի Խաչատուրովի որդու ծառայողական պայմանագիրը չեն երկարաձգում Տավուշի անկլավները թշնամուն տալու հրամանը չկատարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանը։

Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում»,–գրել է Ղազինյանը` հավելելով, որ Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար են նրան զորացրում։

Ընդդիմությունն արդեն տևական ժամանակ է` մեղադրում է իշխանություններին Տավուշում որոշ անկլավներ Ադրբեջանին զիջելու մտադրության մեջ։ Կառավարությունը հերքում է այդ լուրերը։

Նա, ի դեպ, դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր ուզում զորացվել` անկլավների հնարավոր հանձնման առնչությամբ։ Սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` գեներալին համոզել են նման քայլի չդիմել, իսկ անկլավները հանձնելու լուրն օրակարգից դուրս է մնացել։

Ի դեպ, ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ Գրիգորի Խաչատուրովի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։

Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բացի այդ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր Մարտի 1-ի գործով։