Ինչո՞ւ են ուշացել գնացքները․ պարզաբանում է Հարավկովկասյան երկաթուղին

Մինչև 5 ժամ ուշացել են ուղևորատար գնացքները, գրեթե 19 ժամ` 6 բեռնատար գնացք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Վատ եղանակի պատճառով այս գիշեր մինչև 5 ժամ ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մինչև հուլիսի 3-ը՝ ժամը 02:00, իրականացվել են վթարային աշխատանքներ՝ վերականգնելով գնացքների շարժը:

Ուժեղ քամին Երևանում ու մարզերում ծառեր է տապալել

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) արագընթացը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքները: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:

ՀԿԵ-ից հայտնում են, որ գիշերը տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը շարունակվում է, ուստի այսօր էլ հնարավոր է գնացքների ուշացում:

Հարավկովկոսյան երկաթուղին խնդրում է ուղևորներին մեկնման և ժամանման հետ կապված տեղեկատվությունը ճշտել տեղի կայարաններում:

Մոսկվայում քամին «վերանվանել է» Պետդուման. փոթորիկի ու անձրևի հետևանքները` տեսանյութում

«Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԿԵ-ն պատճառած անհարմարության համար հայցում է ուղևորների ներողամտությունը:

Ի՞նչ ավերածություններ է արել քամին Երևանում ու մարզերում. տեսանյութ