Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը տարբեր երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Սաքարյա նահանգ և եղել է տանկերի համար նախատեսված թրթուրների արտադրության գործարանում։

Երկրի ղեկավարը նշել է, որ ձեռնարկության սեփականատերը շարունակում է մնալ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, որը պարբերաբար վերահսկում է արտադրական ցիկլը:

Թուրքիան` Միջերկրական ծովում, Ադրբեջանը` Հայաստանում. ԵԽԽՎ–ում զուգահեռներ են տարվել

«2018 թվականին այս ձեռնարկությունը, որը հիմնադրվել է դեռևս 1973 թվականին, 25 տարով փոխանցվել է մասնավոր ներդրողներին։ Գործարանը ներկայումս կառավարում է BMC մասնավոր պաշտպանական ընկերությունը, սակայն սեփականատերը պետությունն է»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը և կպահպանի իր ներկայությունը թե՛ Լիբիայում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Սիրիայում, թե՛ Արևելյան Միջերկրածովյան շրջանում։

Նրա խոսքով՝ Թուրքիան անկասկած կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում։ Նախագահը նաև հավելել է, որ Անկարան կշարունակի հետախուզական աշխատանքները Միջերկրական ծովի արևելյան մասում, հատկապես՝ Կիպրոսի ափերի մոտ:

Հակահայկական հայտարարության պատճառով թուրք գործչին Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել

Ավելի վաղ Էրդողանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը Ադրբեջանի կողմից գրավված Շուշիում ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր էին ստորագրել: Թուրքիայի նախագահը, պատասխանելով Բաքվում լրագրողների հարցերին, չի բացառել, որ ստորագրված հռչակագրի շրջանակներում խոսքը կարող է վերաբերել ադրբեջանական տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծմանը: