Հրշեջներին հաջողվել է մարել Խոսրովի անտառում շուրջ 2 օր շարունակվող հրդեհը

Հրդեհի հետևանքով Խոսրովի անտառում այրվել է 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Այսօր, ժամը 11։48-ին Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը: Շուրջ 2 օր շարունակվող հրդեհի հետևանքով այրվել է 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:

Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ

Ժամը 20։30-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ակտիվ ծխացող օջախներ չկան։ Սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր հունիսի 30-ին: Ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 30 աշխատակից։

Դեպքի վայր են գնացել նաև ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվել են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր: Հրդեհը մեկուսացվել էր հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։