«Դատախազի վարքագիծն անհասկանալի էր». Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

Արմեն Չարչյանի պաշտպանները նշեցին, որ սկզբում պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակել նիստը, իսկ հետո գործով դատախազն առարկել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքի հարցով պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց աշխատանքային ժամն ավարտվելու պատճառով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր բողոքի քննության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ աշխատանքային օրվա ավարտից հետո, այսինքն` ժամը 18-ից հետո էլ շարունակենք աշխատանքը և բողոքի քննությունն ավարտենք այսօր։ Սրան գործով դատախազը չառարկեց, սակայն հետո մի պահ կարծես նեղացավ ու հայտարարեց, որ չի ցանկանում այլևս, որ բողոքի քննությունն աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվի»,–ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ դատախազի վարքագիծն անհասկանալի էր իրենց համար։

Նրա խոսքով` գործով դատախազի` Ազատ Մարգարյանի փաստարկները (կալանքի տակ պահելու) շատ անհիմն էին։ Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը ցայտնոտի մեջ է։

Չարչյանն այլևս «Իզմիրլյանի» տնօրենը չէ. 2 հիմքն էլ չկա, բայց նա դեռ կալանավորված է

Ալեքսանյանը հայտնեց` դատարանի առջև հարց են բարձրացրել, որ առհասարակ չի ընդունվել և որևէ գնահատականի չի արժանացել պաշտպանական կողմի ներկայացրած ամբողջական տեսաձայնագրությունը։ Պաշտպանի խոսքով` այդ տեսաձայնագրությունն ամբողջովին հերքում է հիմնավոր կասկածը։

Նշենք, որ խոսքը Չարչյանի և նրա կոլեկտիվի հետ ընտրություններից առաջ հանդիպման ձայնագրության մասին է։

Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ իրենց բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամը 14։00-ին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։