Չարչյանն այլևս «Իզմիրլյանի» տնօրենը չէ. 2 հիմքն էլ չկա, բայց նա դեռ կալանավորված է

Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում կկայանա Չարչյանի կալանավորման որոշման դեմ իրենց ներկայացրած միջնորդության քննությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Արմեն Չարչյանի կալանավորման հիմքերն արդեն չկան, բայց նա դեռ չի ազատ չի արձակվել։ Երկու օր առաջ դատախազությունն ասում էր՝ դեռ գործ ունեն անելու, այսօր հայտարարել է նախաքննության ավարտի մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի գործի նախաքնննության ավարտի մասաին լուրը, այս մասին ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը

Իրավաբանը հիշեցրեց, որ երբ ԱԺ 7 պատգամավորներ ու Հայաստանում հեղինակություն վայելող 3 բժիշկներ դիմել էին դատախազություն՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ, դատախազությունը մերժել էր այն։

«Գիտե՞ք` ինչ հիմքով: Որ դեռ պետք է կատարվեն քննչական գործողություններ, որ դեռ խոչընդոտելու հիմքը, որը պայմանավորված էր պարզապես վկաներին լսելով, դեռ առկա է: Ի դեպ, այդ մերժման որոշումը ստացել ենք 2 օր առաջ: Այսօր պարզվեց, որ ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում»,- ասաց Վարդևանյանը:

Իրավաբանը նաև հայտնեց, որ դատարանը, բավարարելով կալանքի միջնորդությունը, հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրենն է, փաստացի հնարավոր վկաների վերադասը:

«Երեկ «Իզմիրլյան» ԲԿ-ն հայտարարություն տարածեց, ես նաև իրավաբանական անձանց ռեգիստրից վերցրեցի քաղվածք, համաձայն որի` 30.06.2021թ-ից Արմեն Չարչյանը «Իզմիրլյան ԲԿ տնօրենը չէ: Երկու հիմքն էլ արդեն չկա, բայց Արմեն Չարչյանը դեռ կալանավորված է»,- ասաց Վարդևանյանը:

Նա հայտնեց, որ այսօր 17:00-ին Վերաքննիչ դատարանում կկայանա Չարչյանի կալանավորման որոշման դեմ իրենց ներկայացրած միջնորդության քննությունը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։