ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ադրբեջանում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, մեղադրող դատախազը Հրաչյա Ավագյանի ու Գեղամ Սերոբյանի համար պահանջել է՝ 5, մյուսների համար ՝ 2 տարվա ազատազրկում, իբր, Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար:
Դատարանը Ավագյանին ու Սերոբյանին դատապարտել է 4 տարվա, մյուսներին ՝ 6 ամսվա ազատազրկման:
Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:
Նշենք, որ նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։
Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը։
Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան
ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը պահանջել էր Բաքվից անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։