ԼՂ–ին 8.7 մլրդ դրամ կտրամադրվի. կփոխհատուցվի արցախցիների կոմունալ ծախսերն ու վճարումները

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ պետական բյուջեից Արցախին ու արցախցիներին աջակցության ծրագրերով այս պահի դրությամբ արդեն 53 մլրդ դրամ գումար է ծախսվել, որով իրականացվել է 14 ծրագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Հայաստանի բյուջեից Արցախին կտրամադրվի 8.7 մլրդ դրամ։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

«Մինչ պատերազմը ևս Արցախը գտնվել է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո, իսկ պատերազմից հետո` կապված սոցիալ–տնտեսական վիճակի վատթարացման հետ, այդ աջակցության անհրաժեշտությունն էլ ավելի է սրվել»,– ասաց նա` ներկայացնելով ՀՀ բյուջեում համապատասխան փոփոխության նախագիծը։

Արցախում Կարմիր խաչի ֆինանսավորման բյուջեն 4-5 անգամ ավելացվել է

Դրանով նախատեսվող գումարից 1 204 550 000–ը` որպես նվիրատվություն, ուղղվելու է 2021թ.–ի հուլիս ամսին Արցախի բնակչության գազի և էլեկտրաէներգիայի, կապի  ծառայությունների, ինչպես նաև աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի մարմանը։

Իսկ 7 584 511 300 դրամը Հայաստանն Արցախին կփոխանցի որպես միջպետական վարկ` տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՀ բյուջեով Արցախին տրամադրվող միջպետական վարկի համար նախատեսված գումարը սպառվել է այս տարվա առաջին կիսամյակում, քանի որ Արցախը չի կարողացել սեփական բյուջե գեներացնել։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեով Արցախին տրամադրվող նոր միջպետական վարկ դուրս գրելու։

Ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին միջոցներով խուճապ առաջացնել. Արցախի ԱԱԾ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ՀՀ պետական բյուջեից Արցախին ու արցախցիներին աջակցության ծրագրերով այս պահի դրությամբ արդեն 53 մլրդ դրամ գումար է ծախսվել, որով իրականացվել է 14 ծրագիր։

Փաշինյանը կարևորեց, որ Արցախին հատկացվող օգնության տրամաբանությունը փոխվի` սոցիալական աջակցությունից դեպի զարգացում, որպեսզի Արցախը կարողանա ոտքի կանգնել ու վերականգնել իր տնտեսությունը։