Ի՞նչ ուտել և խմել ամռան շոգին. սննդաբանի խորհուրդները

Հայտնի է, որ ամռան տապին մարդու ախորժակը փակվում է։ Իսկ ինչ սննդամթերքներ է պետք անպայման ներառել սննդակարգում, որպեսզի ուժասպառ չլինեք։
Sputnik

Ամռան շոգին ավելի քիչ կալորիականություն ունեցող սննդի կարիք կա։ Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում նվազեցնել ապխտած, տապակած և արագ փչացող սննդամթերքների քանակը։

Բացի այդ, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աղի և քաղցր սննդամթերքների օգտագործումը, լիովին հրաժարվել ոգելից խմիչքներից, շատ չուտել, խմել շատ ջուր, կանաչ թեյ, նաև կաթնամթերք և հում բանջարեղեն օգտագործել։

Նախընտրելի է չսնվել օրվա ամենաշոգ ժամերին` այն տեղափոխելով երեկոյան կամ առավոտյան։ Շոգ եղանակին անպայման պահպանեք սննդի օգտագործման և պատրաստի ուտելիքի պահպանման սանիտարական պահանջները։

Ինչո՞ւ է պետք հրաժարվել շաքարավազից և աղից։ Պատասխանը շատ պարզ է. այդ երկու մթերքները ծարավի զգացում են առաջացնում, որն ավելի վատ է պահպանում ջուրն օրգանիզմում` թույլ չտալով այն նորմալ դուրս գա, ինչի հետևանքով մարմինը գերտաքանում է։  Դա կարող է մարդուն հասցնել ուշագնացության։ Ընդ որում, մեծ քանակի աղ օգտագործելը կարող է հիպերտոնիա և սրտի կաթված առաջացնել։

Ալկոհոլային խմիչքները վատագույն ընտրություն են շոգին ըմպելու համար։ Բանն այն է, որ ալկոհոլը ջուրը «խցանում» է հյուսվածքներում։ Դրա հետևանքով այն տաքանում է մարմնի ջերմաստիճանից ավելի և կարող է հանգեցնել ոչ միայն ուշագնացության, այլև կաթվածի։

Ի՞նչ ուտել շոգին

Նախևառաջ թարմ բանջարեղեն, կանաչի, հատապտուղներ և մրգեր։

Բանջարեղենը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կարելի է դրանցից տարատեսակ աղցաններ պատրաստել։ Ամռան շոգին գերադասելի է ընտրել այն բանջարեղենները, որոնք մեծ քանակի ջուր են պարունակում` վարունգ, լոլիկ, նեխուր, ծնեբեկ, խավարծիլ, կանկար, կաղամբ, բողկ, պղպեղ և այլն։

Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»

Մրգերի առումով մի մանրուքի պիտի ուշադրություն դարձնել։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց սննդաբան Գայանե Շահատունին, գիրության հակված մարդկանց խորհուրդ է տրվում միրգ ուտել մինչև կեսօր։ Իսկ նրանք, ովքեր նման խնդիր չունեն, կարող են միրգ վայելել նաև մինչև 16:00-17:00–ն։

«Երեկոյան ժամերին գերադասելի է ոչ աղի կաթնամթերք օգտագործել` կաթնաշոռ, յոգուրտ, մածուն, կեֆիր, նաև` վարունգով կամ քաղցր կանաչ պղպեղ, խաշած մսի փոքր չափաբաժին», – ասաց նա։

Ի դեպ, վարունգը շոգի դեմ պայքարի առաջին օգնականն է։ Միկրոտարրերի մի ամբողջական փնջից ու թարմացնող ազդեցությունից բացի, վարունգը լավ հագեցնում է։ Այն կարելի է ուտել մեծ քանակությամբ, ինչպես նաև բուսայուղով աղցաններ, մածնաբրդոշ, սառը ապուրներ, բուտերբրոդներ պատրաստել դրանով։ Ի դեպ բանջարեղենային աղցանին անհրաժեշտ է ձեթ ավելացնել, որպեսզի որոշ վիտամիններ և միկրոտարրեր լուծվեն և յուրացվեն օրգանիզմի կողմից։

Շոգին առանձին ուշադրության պետք է արժանացնել բնական լոլիկին։ Այն օգտակար է ոչ միայն մեծ քանակի հյութի պարունակության շնորհիվ, այլև մի շարք վիտամինների և միկրոէլեմենտների, որոնք մարդուն ակտիվ, դիմացկուն, կայուն են դարձնում սրտի հետ կապված խնդիրների նկատմամբ։ Սակայն հարկ  է հաշվի առնել, որ լոլիկն արագ է կորցնում վիտամինները, այդ պատճառով անհրաժեշտ է այն կտրատել օգտագործելուց անմիջապես առաջ և մեծ կտորներով։

Աղեստամոքսային խանգարումներից խուսափելու համար Գայանե Շահատունին խորհուրդ է տալիս անհամատեղելի մթերքներն իրար չխառնել։ Նա նշում է, որ ամենավտանգավորը կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է։ Բացի այդ, զգուշությամբ է պետք ընտրել պահածոներն ու մարինացված մթերքները։

Ի՞նչ խմել շոգին

Նախևառաջ` շատ խմել ջուր։ Ընդ որում, Շահատունին նշում է, որ ջրի քանակը կարելի է հաշվարկել մարմնի զանգվածով. 30 միլիլիտր ջուր`մեկ կգ–ի համար։ Այսինքն` եթե մարդը 60 կգ է, օրվա ընթացքում նա պետք  է մոտավորապես 2 լիտր ջուր խմի։

Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին

Պետք է նաև հանքային ջուր խմել։ Այն աղ և հանքանյութեր է պարունակում, որոնք մարդը կորցնում է քրտնարտադրության ժամանակ։ Ջրի մեջ կարելի է կիտրոնի, նարնջի կամ գրեյպֆրուտի հյութ ավելացնել։ 1.5 լիտր ջրին բավական կլինի 1 կիտրոնի, 1 նարնջի կամ ½ գրեյպֆրուտի հյութ։ Ջուր պետք է խմել հաճախ և փոքր չափաբաժիններով։ Բայց միայն ջրով շոգին բավարարվել հնարավոր չէ։

Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը

Շոգին լավ օգնում է նաև կանաչ թեյը։ Թրմեք այն փոքր թեյնիկով և խմեք փոքր չափաբաժիններով։ Ինչ վերաբերում է սև թեյին, ապա պետք է հիշել, որ այն տաքացնող հատկություն ունի, իսկ սուրճը, բացի նրանից, որ ծարավի զգացում է առաջացնում, օրգանիզմից դուրս  է բերում նաև աղերն ու հանքանյութերը, մասնավորապես` կալցիումը։

Շատ օգտակար են թարմ քամած հյութերը։ Դրանք հագեցնում են ծարավը, նվազեցնում քաղցի զգացումը, լրացնում վիտամինների ու հանքանյութերի պակասը, թարմացնում են և բարձրացնում տրամադրությունը։

Կոմպոտ, բայց առանց շաքարավազի։ Ավելի հստակ` ըմպեք հատապտուղներով, մրգերով և անանուխի կամ հաղարջի տերևներով եռացրած ջուր։

Պետք չէ մոռանալ նաև հայկական թարմացնող թանի մասին, բայց առանց աղի։

Բացի այդ սննդաբան Գայանե Շահատունին առաջարկել է թարմացնող խմիչքի սեփական բաղադրատոմսը, որը հեշտությամբ կարելի է ստանալ տան պայմաններում` մեկ լիտր ջուր, 2 կիտրոնից քամած հյութ, անանուխի տերևներ, մեկ ճաշի գդալ մեղր, դարչին և մասուրի թուրմ։ Նրա խոսքով` ստացվում է շատ համեղ և օգտակար ըմպելիք, որը ուժ և էներգիա կհաղորդի ամռան տապին։