«Ես մեղավոր չեմ». Սերժ Սարգսյանը քրեական գործը քաղաքական պատվեր որակեց

Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, իսկ Գևորգ Հարությունյանը վստահեցրեց` մեղադրանքն ամբողջովին անհիմն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է։

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,– ասաց նա այն բանից հետո, երբ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատական նիստում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Սարգսյանը նաև հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` ասելով. «Ես մեղավոր չեմ»։

Ըստ դատարանում ներկայացված մեղադրանքի` Սերժ Սարգսյանը գործարար Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ կազմակերպել և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի, փոխնախարար Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ իրականացրել են պետբյուջեից առանձնապես խոշոր գումարի վատնում։

Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանն էլ նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել, ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը որպես սուբսիդավորում, հափշտակում համարելն ուղղակի անիմաստ է»,– ասաց նա:

Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին

Գործով անցնող Գևորգ Հարությունյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց` հայտարարելով, որ մեղադրանքն ամբողջովին անհիմն է:

Դատարանն այսօր ավարտեց նիստը` ապացույցների հետազոտման փուլը հետաձգելով 1 ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին` ժամը 14։ 00–ին։

Ըստ քրեական գործի` 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Ի դեպ, քրեական գործով այս պահին ամբաստանյալի կարգավիճակում են երեք հոգի։

Գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը կորոնավիրուսի հետևանքով մահացել են։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։