Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար

Էկոնոմիկայի նախարարը խոսեց ոռոգման ջրի խնդիրներից և այդ խնդիրների լուծման ուղիներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում արձանագրված ոռոգման ջրի խնդրին։

Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել

«Այս տարվա հունիսը ռեկորդային շոգ է եղել ՀՀ–ի ամբողջ պատմության ընթացքում, և ոչ թե կես աստիճանով, այլ 3 աստիճանով է նորմայից շոգ եղել։ Դրա պատճառով առաջացել է այսպիսի աննախադեպ դժվար իրավիճակ։ Ամբողջ խնդիրն առաջացել է նրա պատճառով, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք է առաջացել, քանի որ շոգը վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը»,– մեկնաբանեց Քերոբյանը։

Խնդիրը, նրա խոսքով, համակարգային լուծում է պահանջում, և կառավարությունը 2 օր առաջ մեկնարկել է այդ գործընթացը։

«Կլիմայի փոփոխությունն անշրջելի է։ Եվ, եթե մենք այսօր ասում ենք` շոգ է, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի էլ ավելի շոգ չի լինելու»,– ասաց նա։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Քերոբյանը վստահեցրեց` Հայաստանն ունի պոտենցիալ` կլիմայի տաքացմանը դիմակայելու, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործվի։

Իսկ այսօր առաջացած խնդիրը լուծելու համար էկոնոմիկայի նախարարը չբացառեց, որ կառավարությունն առաջիկայում կդիտարկի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու ու գյուղացիներին կրած վնասների դիմաց փոխհատուցելու հնարավորությունը։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Նշենք, որ հունիսի 26–ին Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Երևան մայրուղին և պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նրանց խոսքով` մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում: