Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մինչ այս պահը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական, նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Տեղեկությունը զետեղված է կառավարության կայքում։

Փաշինյանի սրտի քաղաքապետի թեկնածուն և Արսեն Թորոսյանի նկրտումները. «Ժողովուրդ»

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,–ասված է վարչապետի պաշտոնակատարի ստորագրած հրամանագրում։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մինչ այս պահը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր։

Մինչ նշանակումը վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ` Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, իսկ Արսեն Թորոսյանը`վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Հիշեցնենք`2020 թվականի նոյեմբերի 25–ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։

Հարությունյանը 2018-2019 թվականներին կրթության և գիտության, իսկ 2019-ի հունիսի 1-ից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն էր, այդ պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 23-ին։