ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի մեր հայրենակիցներին կոչ է անում սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները ադրբեջանական իշխանությունների` խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար: Թաթոյանը գրառում է արել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը»,- նշել է նա:
Թաթոյանի խոսքով` ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից:
«Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա»,-գրել է ՀՀ ՄԻՊ-ը և միջազգային հանրության ուշադրությունն հրավիրել ադրբեջանական իշխանությունների այս վտանգավոր քաղաքականության վրա:
Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ ադրբեջանցիների այս գործելաոճը Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է և Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում:
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:
Հիշեցնենք` հունիսի 28-ին տարածած հաղորդագրությամբ Արցախի ԱԱԾ–ն հաստատեց, որ ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին։
Մինչդեռ ավելի վաղ` հունիսի 25-ին, Արցախի ԱԱԾ–ն հերքել էր տեղեկությունը, թե ադրբեջանցիները զանգում են արցախցիներին ու առաջարկում վաճառել իրենց բնակարանները։