ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.Հայաստանի իշխանությունը կադրային ջարդ է խոստանում պետական կառավարման համակարգում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիրախում կարող են հայտնվել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ քաղաքապետները, նրանց տեղակալները, գյուղապետները, գյուղական գերատեսչությունների աշխատակիցները, վարչությունների պետերը և այլն։
Մի խոսքով` բոլոր նրանք, ովքեր, վարչապետի պաշտոնակատարի կարծիքով, կա՛մ ընդդիմության համար են աշխատել, կա՛մ էլ պարզապես պասիվ են եղել իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին աշխատելու փոխարեն։
Վերջինների թվին են դասում նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Փաշինյանի նախկին համախոհ քաղաքապետն այժմ անբարեհաճության է արժանացել։ Մարությանի հանդեպ իշխող թիմի ընդհանուր դժգոհությունը ավելի վաղ բարձրաձայնել էր վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ Երևանի քաղաքապետն ԱԺ ընտրություններին հրաժարվել է հրապարակային աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»։
Ուժային կառույցներում կադրային ջարդ է սպասվում, արդեն անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»
Թեև Հարությունյանը հավատացրեց, որ այս պահին քաղաքապետին հեռացնելու հարց չի քննարկվում, այնուամենայնիվ, հասկացրեց, որ ինչ-որ որոշում, այնուամենայնիվ, ընդունվելու է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի հեռուն գնաց՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասելով, որ կադրային ջարդեր իսկապես լինելու են։ Իշխանությունը, նրա խոսքով, ձգտում է ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ընդդիմանում են բարեփոխումներին և ամեն կերպ սաբոտաժի են ենթարկում դրանք։
Հայաստանի ղեկավարությունն այս պայմաններում շատ բարդ խնդրի առաջ է կանգնած․ ինչպե՞ս ազատվել պաշտոնյաներից, եթե նրանք իսկապես խոչընդոտում են աշխատանքին, և միաժամանակ չվնասել պետական համակարգը։ Կարևոր է նաև հասկանալ, թե բացեիբաց ընդդիմադիր գործունեությունից բացի ուրիշ ինչ չափանիշներով են հեռացնելու պաշտոնյաներին, ով է նրանց փոխարինելու, ինչ են անելու, որ «սեփական բուրդը պետականի հետ չխառնեն», այսինքն՝ հայտարարված «պետական համակարգի առողջացման գործընթացը» չվերածեն անձնական հաշիվներ պարզելու գործիքի։
Ակնհայտ է, որ տվյալ հարցում չափն անցնելը հղի է պետական համակարգի կաթվածահարությամբ։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ հիմա կադրային փոփոխություններն անխուսափելի են։ Դրանք վաղուց էին հասունանում. դեռևս 2019թ․-ի դեկտեմբերին Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասում էր, որ ամբողջ պետական համակարգն է դիմադրում հեղափոխությանը։
Հիմա այդ «դիմադրությունն» ավելի է ուժեղացել՝ հաշվի առնելով հենց թեկուզ այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ղեկավարներ բացեիբաց աջակցել են ընդդիմադիր ուժերին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից են եղել, իսկ անցած ընտրություններին պատգամավորի թեկնածու են առաջադրվել նախկին ղեկավարների գլխավորած քաղաքական ուժերի ընտրացուցակներով։ Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի փոխարեն ով էլ լիներ` աշխատանքից կազատեր այդ պաշտոնյաներին։
Կադրային փոփոխությունները որևէ առնչություն չունեն հասարակական իրական պահանջի հետ
«Ցանկացած պետության մեջ իշխող ուժը ձգտում է առանցքային պաշտոններում նշանակել իր քաղաքական կուրսի կողմնակիցներին։ Այդ իմաստով Հայաստանի իշխանությունները ոչ մի նոր բան չեն հորինել։ Բոլորն են այդպես անում։ Հակառակ դեպքում իշխող ուժը կզրկվի այդ տեղերում քաղաքական հենարանից»,-ասաց Քեռյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի գործող ղեկավարությունը իշխանության գալու առաջին իսկ օրերից բախվել է կադրերի դեֆիցիտին։ 2018 թ․-ի ապրիլին իշխանափոխության պահին Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը փոքրաթիվ ուժ էր, և հասկանալի է, որ կուսակցական ակտիվից պետական պաշտոններով մարդկանց ընտրելը չափազանց բարդ խնդիր էր։ Պետական համակարգում ռոտացիայի գործընթացը սկսվեց 2018 թ․-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանությունը փորձեց յուրատեսակ ինքնահամալրում իրականացնել՝ իր շարքերում ներգրավելով նախկին ղեկավարության օրոք աշխատած մարդկանց։
Սակայն, նկատում է քաղաքագետը, Փաշինյանն էական հաջողությունների չհասավ։ Արդյունքում ընտրություններից մեկ տարի անց նա ստիպված եղավ արձանագրել, որ «պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։
«Այդ հայտարարությունից մի քանի ամիս անց սկսվեց կորոնավիրուսի համավարակը, իսկ ավելի ուշ՝ պատերազմն Արցախում, որն էլ հենց նոր ընտրությունների հիմնական պատճառը դարձավ։ Հիմա, երբ իշխանությունը կրկին ստացավ քաղաքացիների վստահության քվեն, պարզ դարձավ, որ նրանք կփորձեն վերջնականապես լուծել պետական ապարատի թարմացման խնդիրը»,-կարծում է Քեռյանը։
Անշուշտ, արդիական է մնում այն հարցը, թե ով է փոխարինելու այդ պաշտոնյաներին։ Բայց քաղաքագետը լավատեսության որոշակի առիթ ունի. երեք տարվա ընթացքում Փաշինյանի թիմը որոշակի կառավարման փորձ է կուտակել, և պետական համակարգի «ռեստարտն» ավելի հարթ կանցնի, քան կլիներ 2018-ին։
Քեռյանը նշում է, որ պետական կառավարման համակարգում պարբերական կադրային խառնաշփոթը բնորոշ է հետհեղափոխական իրավիճակներին։ Նշանակվածներից ոմանք կարող են տեղավորվել նոր թիմում, մյուսները, հակառակը, չեն կարողանում հարմարվել։ Այս երեք տարվա ընթացքում Հայաստանում եղել է թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Բայց ժամանակի ընթացքում որոշակի կայունացում է տեղի ունենում. պետական համակարգը «մաղվում է», և այն սկսում է ավելի լավ գործել։
Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես