ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկում առաջիկայում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր։
Խորհրդարանն այսօր 74 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին։
Մինչ քվեարկությունը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում անդրադարձավ նախագծի շուրջ հանրության շրջանում առաջացած մտավախություններին այն մասին, որ այս կերպ Կենտրոնական բանկը խախտում է բանկային գաղտնիքի իրավունքը։
«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»,– վստահեցրեց Երիցյանը։
Նրա խոսքով` ստեղծվող ռեեստրը լուծելու է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնելու է հաշվետու մարմինների՝ բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների գործառնական ծախսերը, և երկրորդ` ռեեստրի շնորհիվ ՀՀ քաղաքացիներին հետագայում նաև նորարարական որոշակի լուծումներ են առաջարկվելու:
ԿԲ նախագահի տեղակալը հայտարարեց, որ բանկային հաշիվների, դրանց շարժի կամ մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն կենտրոնացված ռեեստրի միջոցով չի հավաքագրվելու: Դրանով նախատեսվում է հավաքագրել բացառապես հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն, նույնականացնող այլ տվյալներ:
Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը
Նշենք, որ հաստատված օրենք ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Այլ կերպ ասած` հուլիսին ԿԲ–ն կարող է արդեն մեկնարկել միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքները։