ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. շահագրգիռ անձինք հրավիրվել են նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` հավելելով, որ այս տարի դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 18 քրեական գործով նյութ (նախորդ տարի՝ 201)։
Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:
Դատախազության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում, որից 4-ը դատարանը բավարարել է:
Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 դրամի չափով գումար:
Հիշեցնենք, որ դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։