ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացնելու միջնորդության հասցեատերը ՀՔԾ–ն է, քանի որ երաշխավորություն ներկայացնում են վարույթ իրականացնող մարմնին։ Անդրադառնալով ՀՔԾ–ի հայտարարությանը` Facebook-ի իր էջում նման գրառում է արել Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
ՀՔԾ-ն հայտարարել է, որ Չարչյանին ազատ արձակելու համար ԱԺ 7 պատգամավորների և 3 անվանի բժիշկների երաշխավորությունը պետք է դատախազություն ուղարկեին, ոչ թե իրենց։
«Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020-ի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են: ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է»,–նշված է Վարդևանյանի մեկնաբանության մեջ։
Միաժամանակ պաշտպանը նշում է, որ ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում անանուն աղբյուրի հիման վրա քրգործ չէր հարուցի, մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի և պրոֆեսորի առողջական վիճակի վատթարացման չէր հանգեցնի։ Նրա խոսքով` ցանկալի կլիներ, որ նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի պատժի:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։