ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Չարչյանին կալանքից ազատելու համար

Պատգամավորները երաշխավորում են, որ պրոֆեսորը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Քննիչին ուղղված նամակում մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով Արմեն Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության ոլորտում, բժշկության բնագավառում արձանագրած աննախադեպ հաջողությունները, նրա՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, առողջական խնդիրները՝ իրենք անձնական երաշխավորություն են ներկայացնում և խնդրում փոխել կիրառված խափանման միջոց կալանավորումը։

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները բաց նամակ փոխանցեցին ՀՔԾ պետին

«Երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։ Երաշխավորում եմ  ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,- նշված է նամակում։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր նամակում հավաստում է, որ այս երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում է իրականացնել ՀՀ օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները։

Պրոֆեսոր Չարչյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Վարդան Վարդանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։