ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով երեք անձ ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Sputnik

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները

Մասնավորապես, Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն:

Նշված անձը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր և հեռախոսով պայմանավորվել Իրանի քաղաքացու հետ։

«Հունիսի 22-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա և հաշիշ տեսակի թմրամիջոցներով փաթեթը՝ Խ. Թ-ին հանձնելու նպատակով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին

Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց, որը հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել և վերցրել են այն:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ո՞վ է ԱԱԾ դիմած ոստիկանության գեներալը. սպառնալիքի դեպքից նոր մանրամասներ են հայտնի. ԶԼՄ