ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները բացահայտել են որոշակի գեներ ակտիվացնող կենսաֆիզիկական մեխանիզմը, ինչը հանգեցնում է քաղցկեղի զարգացմանը։ Ուսումնասիրության արդյունքների մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nature ամսագրում տպագրված հոդվածին։
Դրանք ցույց են տվել, որ երկու ոչ ազգակից գեները միավորող մուտացիան նպաստում է ֆազերի ֆիզիկական բաժանման գործընթացի մեկնարկին․ դա նման է երկու չխառնվող հեղուկների, օրինակ՝ ձեթի և ջրի միացմանը։ Բաժանման դեպքում բջջի միջուկի ներսում ձևավորվում են տարբեր ֆիզիկական հատկանիշներ ունեցող բջջախորշեր, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։
«Ֆազերի բաժանումն ու քաղցկեղի առաջացման հարցում դրա դերը այդ հիվանդությունը հասկանալու համար գլուխկոտրուկի պակասող հատվածներ էին»,-ասում է հետազոտության ղեկավար, UNC բժշկական դպրոցի կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի և դեղագիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Գրեգա Վանը։
Հեղինակների կարծիքով, այս հայտնագործությունը, որը ֆազերի բաժանումը կապում է քաղցկեղի առաջացման հետ, թույլ է տալիս նորովի նայել կենսաբանությունն ու ֆիզիկան միավորող այդ բարդ, բազմափուլ գործընթացին։
Այս գործընթացի վերծանմանն օգնելու համար գիտնականները լաբորատոր փորձարկումներ են իրականացրել ընդհանուր, միաձույլ գեն կրող քաղցկեղային բջիջների վրա։ Այդ անբնական շեղումը հայտնաբերվում է այն բուժառուների արյան բջիջներում, որոնց մոտ լեյկեմիա է զարգանում։
Գիտնականներն ասել են` ինչու է ուղեղը հիշում կպչուն մեղեդիները
Առայժմ բոլոր փորձարկումները գիտնականները լաբորատորիայում են կատարել, սակայն նրանք հույս ունեն մոտ ժամանակներս ստուգել, թե ինչպես է իրենց բացահայտած մեխանիզմն աշխատում կենդանի օրգանիզմների վրա: