ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, թե իբր հայկական կողմը գնդակոծել է Քարվաճառի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը։ Ըստ նրանց` կրակահերթերն իրականացվել են հունիսի 27-ին՝ ժամը 14:50-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մերձակայքում գտնվող դիրքերից:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ավինյանն ասաց՝ որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: