Հայտնի է` «Հայաստան» դաշինքը երբ կդիմի Սահմանադրական դատարան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտնում է, որ դիմումն այս պահին նախապատրաստական փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

ՍԴ–ում կքննարկվի մանդատների բաշխման կարգը. ինչ հարցով է «Հայաստան» դաշինքը դիմելու

«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները` գործ ունենք շուրջ 200 000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է»,– գրել է նա։

Հայրապետյանը հայտնում է, որ ՍԴ դիմումն այս պահին նախապատրաստական փուլում է։ Դիմումում, ըստ նրա, ներկայացված են լինելու նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, իրենց համոզմամբ, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն ուսումնասիրվել։

Հիշեցնենք` ԿԸՀ–ն այսօր կայացած նիստում մերժել էր «Հայաստան» դաշինքի դիմում–բողոքը` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դիմելու են ՍԴ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, նոր ընտրություն նշանակելու կամ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու պահանջով։

Օրակարգ չունեցող իշխանություն և ինտելեկտուալ ընդդիմություն. ինչ կկատարվի նոր ԱԺ–ում

Նշենք, որ ընտրության արդյունքները վիճարկող դիմումներով ԿԸՀ էին դիմել նաև «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը։ Այս դիմումները ևս, ԿԸՀ որոշմամբ, մերժվել են։

ԿԸՀ-ի այսօր հայտարարած վերջնական արդյունքներով` ութերորդ գումարման ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։