ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիների դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Նա այս մասին գրառում է արել Facebook–ի իր էջում։
Թաթոյանի խոսքով`դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները», ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը։
«Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են): ՄԻՊ–ին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները»,–գրել է Թաթոյանը:
«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:
«Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան»,– գրել է օմբուդսմանը։
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։
Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ ավելի քան 200 հայ գերի կա։
Փաստաբանները պատրաստ են գնալ Բաքու` գերիներին օգնելու. ի՞նչ է պետք դրա համար