«Բլեֆ ա, ոչ էլ գալու են». Արմավիրի մարզի բնակիչները փակել են Երևան տանող մայրուղին

Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ եթե պաշտոնյաները չժամանեն, խնդրին լուծում չտան, ապա իրենք ոչ միայն փակելու են ճանապարհը, այլև այդտեղ են գիշերելու։
Sputnik

Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Նրանց խոսքով` խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է:

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Մեր աճեցրած բերքը չորանում է, ի՞նչ ենք անելու, սովամահ ենք լինելու»,–ասում է հողագործներից մեկը։

Հավաքված հողագործները պնդում են` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ–բանջարեղենը, իրենք ֆինանսական մեծ վնասներ են կրում, իսկ ո՞վ է դրա համար իրենց փոխհատուցելու։

Ակցիայի ընթացքում մասնակիցները որոշեցին ավտոճանապարը 15 րոպեով բացել, քանի որ նրանց տեղեկացրել էին, որ ոլորտի պատասխանատուներն են այցելելու։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

«Բլեֆ ա, ոչ էլ գալու են։ Ասել են, որ ճանապարհը բացենք, հետո էլ չթողնեն, որ փակենք»,–ասաց հավաքվածներից մեկը։

Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ եթե պաշտոնյաները չժամանեն, խնդրին լուծում չտան, ապա իրենք ոչ միայն կրկին փակելու են ճանապարհը, այլև այդտեղ են գիշերելու։

«Հյուսիս-հարավը» և ոռոգման համակարգերը․ փոխնախարարը պատմել է` երբ կավարտեն աշխատանքները