ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի -Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում Է Sputnik Գրուզիան, այդ մասին վարչապետն ասել է այսօր՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Հունիսի սկզբին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 15 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։
«Ցանկանում եմ հաստատել այդ գործընթացում միջնորդի դերը շարունակելու մեր լիակատար պատրաստակամությունը», — ասել է Ղարիբաշվիլին:
Ընդ որում, Վրաստանի վարչապետը նշել է, որ դա աննախադեպ դեր էր իր երկրի համար և շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին վստահության համար:
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Վրաստանի միջնորդի հանդես գալու պայմանավորվածությունները ձեռք են բերվել մայիսին Բաքու և Երևան կատարած իր այցերի ժամանակ: