Ի՞նչ կապ ունի Հորադիզ-Միջնավան ճանապարհի կառուցումը Հայաստանի ու Իրանի անվտանգության հետ

Ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարավում ենթակառուցվածքների վրա ներդրումները։ Փորձագետները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշվարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կլինենք տարածաշրջանային նոր դիմակայության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի- Sputnik, Նաիրի Հոխիկյան. 2020-ի պատերազմից հետո Արցախի հարավային շրջաններում՝ Արաքս գետի հովտում մեծ թափով կառուցվող Հորադիզ-Միջնավան ավտոճանապարհը շահագործման կհանձնվի լավագույն դեպքում 2023-ի աշնանը։ Թուրքական ճանապարհաշինական Kalyon Holding ընկերության ղեկավար Նիհաթ Յըլդըրըմն այս հայտարարությունը արել է հունիսի սկզբին, ինչը անակնկալ էր ադրբեջանցի վերլուծաբանների համար, բացասական իմաստով։ Մոտ 124 կմ ձգվող ճանապարհի վրա հողային աշխատանքներ կատարելու քիչ կարիք կա։ Ճանապարհը գործել է նաև նախկինում, և այնտեղ ավելի շուտ նորոգման, քան նոր ճանապարհ կառուցելու մասին է խոսքը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

Հորադիզից Միջնավան ձգվող ճանապարհը հիմնականում հարթ տարածքում է՝ Արաքսի հովտում, որտեղ եթե կան էլ գոգավորություններ, ապա քիչ են և հեշտ հաղթահարելի։ Այդպիսի տարածքում ճանապարհ կառուցելու համար ոչ թե 2 տարի, այլ առավելագույնը 5-6 ամիս է հարկավոր։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարավում ենթակառուցվածքների վրա ներդրումները։ Փորձագետները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշվարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կլինենք տարածաշրջանային նոր դիմակայության։

Վերլուծաբան Թևան Պողոսյանը կարծում է, որ Բաքուն ու Անկարան փորձում են համաձայնության գալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ կապված Սյունիքով ճանապարհ ստանալու հնարավորության հետ։

«Վերջին օրերին Էրդողանն ու Ալիևը շեշտում են, որ հույս ունեն՝ Հայաստանը կգիտակցի և ապաշրջափակման ուղղությամբ քայլեր կանի՝ ակնարկելով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Էրդողանն անգամ ասում է, որ ՌԴ նախագահ Պուտինը ևս դեմ չէ այդ միջանցքին»,-ասում է Թևան Պողոսյանը։

Իրանի նոր կոշտ նախագահը. Ռայիսին անպայման կսանձի Էրդողանի հավակնությունները

«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը շրջանառության մեջ է դրել ադրբեջանական կողմը, մինչդեռ Ռուսաստանը խոսում է ոչ թե միջանցք տալու, այլ տրանսպորտային ենթակառուցվածքները վերաբացելու մասին։ Միջանցքի դեպքում ճանապարհի հսկողությունը իրականացվում է այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, մինչդեռ ճանապարհի դեպքում խոսքն ընդամենը երթևեկելու մասին է, ընդ որում՝ դրա համար վճարելու պայմանով։ Թևան Պողոսյանը վստահ է, որ մենք գործ ունենք քաղաքական խնդրի հետ, իսկ տնտեսական երկրորդական է, մանավանդ որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու խնդիր չի ունեցել։

Իրանը մտահոգված է ադրբեջանաթուրքական տանդեմի գործողություններից և համարժեք միջոցներ է գործադրում՝ իր նկատմամբ ևս հնարավոր ագրեսիային դիմակայելու համար։ Սա իրանցի վերլուծաբան Փույա Հոսեյնիի կարծիքն է․

«2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում՝ հատկապես ձգտելով Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ։ Դա այլընտրանք է նաև Իրանով անցնող ճանապարհին, ինչը իր հետ կբերի նաև Իրանից կախվածության թուլացման»։

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

Իրանում լավ գիտեն, որ Արցախի հարավի գրավյալ տարածքներում Ադրբեջանն ու Թուրքիան տեղակայել են ահաբեկչական խմբավորումներ, ինչն իրական սպառնալիք է նաև իրենց համար։ Փույա Հոսեյնին այդ առումով վստահեցնում է, որ Թեհրանը ռազմական ու քաղաքական առումով պատրաստվում է մեծ բախման։

«Իրանի համար ընդունելի չէ, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկիչների են տեղափոխում իր հյուսիսային սահմանների մոտ, բացի դա, կա թուրքական ու իսրայելական վտանգ։ Դրանք Իրանի համար մեծ սպառնալիք են, և մենք պատրաստվում ենք դիմակայել դրանց, հակահարված տալ, նույնիսկ անհրաժեշտության դեպքում ուղիղ հակահարված տալ Թուրքիային կամ Իսրայելին»,-նշում է իրանցի վերլուծաբանը։

Փույալ Հոսեյնին հիշեցնում է, որ Իրանը նաև անընդունելի է համարում Արցախի հարավի նկատմամբ այն գործողությունները, որոնք հիմա իրականացվում են ճանապարհներ կառուցելու տեսքով, սակայն, ինչպես իրենք են պնդում, խորքում Իրանի դեմ ագրեսիայի նպատակ ունի։

Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ

Պաշտոնական Թեհրանը ԱԳՆ-ի խողովակներով ու հրապարակային մակարդակում մի քանի անգամ հայտարարել է, որ իր համար կան կարմիր գծեր, որոնք հատելը անկարելի է։ Ակնարկը, վերլուծաբանների խոսքով, ուղղված է Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանաթուրքական նկրտումներին։

Նույնպիսի ուղերձ Իրանը հղեց Ադրբեջանին մայիսի 12-ին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի զորքի առաջխաղացման ժամանակ, երբ Իրանի սահմանին սպանվեցին երկու ադրբեջանցի զինծառայողներ։ Իրանական կողմը հայտարարեց, թե ադրբեջանցի զինվորականները խախտել են իր սահմանը։ Իրանցի և հայ վերլուծաբանները վստահ են մեկ հարցում՝ այն ճանապարհը, որը թուրքական ընկերությունները փորձում են կառուցել Արցախի հարավում՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի և բնականաբար՝ Թուրքիայի հետ, անթաքույց սպառնալիք են Իրանի ու Հայաստանի կենսական շահերին, հետևաբար դրանց դեմ պայքարը ևս պետք է միասնական լինի։