Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան

Արա Աբրահամյանը կարծում է, որ նման քայլերով ընդամենը փորձում են հասարակությանը շեղել կարևորագույն խնդիրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ անվանի և ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությունը վախի մթնոլորտ տարածելու նպատակով կատարված բացահայտ քաղաքական քայլ է: Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով Չարչյանի կալանավորման որոշմանը։

«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը

«Ներկա իշխանություններն ինչպես չեն զբաղվել բնակչության իրական խնդիրներով անցած երեք տարում, այդպես էլ հիմա չեն պատրաստվում դա անել և նման քայլերով միայն փորձում են հասարակությանը շեղել կարևորագույն խնդիրներից»,–նշված է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։