ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկիի քաղաքային դատարանը որոշել է մինչև օգոստոսի 22-ը կալանավորել մոսկովյան «Респект-СМ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալիկ Ալեքսանյանին, որը մեղադրվում է «Վոստոչնի» տիեզերակայանում շինարարական-մոնտաժային աշխատանքների ընթացքում մոտ 60 մլն ռուբլու չափով խարդախություն իրականացնելու մեջ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ գործարարը հարցաքննության ժամանակ իր մեղքը չի ընդունել և այն անհեթեթ է համարել:
Նշվում է, որ հունիսի սկզբին հայտնի էր դարձել «Վոստոչնի» տիեզերակայանում խարդախությունների հետ կապված միանգամից երկու քրեական գործի հարուցման մասին: Մի դեպքում շինարարական ընկերությունը հրթիռային վառելիքի արտադրման և պահպանման համալիր կառուցելու չկատարված աշխատանքի համար 600 մլն ռուբլի է ստացել, իսկ մյուս գործն առնչվում է 60 մլն ռուբլու յուրացմանը՝ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ: