Քաղաքական նշանակություն ունեցող բարեփոխում. Փաշինյանն այցելել է ոստիկանության կրթահամալիր

Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ՀՀ ոստիկանության պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ոստիկանության կրթահամալիր ապագա պարեկային ծառայողների, պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 1-ից Երևանում ՃՈ–ի փոխարեն կգործի նոր Պարեկային ծառայություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է ոստիկանության կրթահամալիրում, հանդիպել ապագա պարեկներին, ծանոթացել ուսումնական գործընթացին։

Ոստիկանության, ինչպես և կրթահամալիրի ղեկավար կազմը վարչապետի պաշտոնակատարին ներկայացրել են պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ արված աշխատանքները:

Այդ գործում, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

Փաշինյանին են ներկայացվել նաև պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Փաշինյանը։

«Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի քաղաքական նշանակություն և կծառայի մեր երկրում իրավակարգի պահպանությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ »,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով ` այս ծավալի և բովանդակության աշխատանքներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով, ուստի պետք է ժամկետները հստակեցնել։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ այլ հարցեր։