ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Եվրասիական միության երկրները քննարկում են արտակարգ իրավիճակների դեպքում պարենային ֆոնդի ստեղծման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ելույթ ունենալով կառավարության ժամի ընթացքում։
«Համավարակը դրդեց մեզ մեր ընդհանուր շուկայի և նրա սպառողի պաշտպանությանը միտված լուծումների քննարկմանը։ Այդ պատճառով մենք սկսում ենք քննարկել միության արտակարգ պարենային ֆոնդի ստեղծումը», – նշել է Օվերչուկը։
Պարենային անվտանգությունը բարձրացնելու նպատակով մշակվում է «կանաչ միջանցքների» գաղափարը ՌԴ–ի և Ուզբեկստանի միջև սննդամթերքը տեղափոխելու համար։ Նման միջանցքների աշխարհագրությունը պետք է ընդլայնել, իսկ այդ բեռների ստուգումները նվազագույնի հասցնել, որպեսզի դրանց տեղափոխման արագությունը հնարավորինս մեծ լինի։ Այդ նպատակով ՌԴ օրենսդիր մարմինների հետ պետք է համատեղ աշխատանք իրականացնել։
Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, պետք է աշխատել ներմուծման փոխարինման ուղղությամբ ոչ միայն պարենի, այլ նաև մյուս ոլորտներում, այդ թվում ավիաշինարարության։
ԵԱՏՄ երկրներում գերակշռում է արտասահմանյան ավիացիոն տեխնիկան, և ՌԴ կառավարության խնդիրը գործընկերներին ռուսական տեխնիկայի առավելությունները համոզելն է։ Սակայն Օվերչուկը պարզաբանել է, որ գլխավորը նույնիսկ դա չէ, այլ ինքնաթիռների համատեղ արտադրության ստեղծումը։ Նա հիշեցրել է, որ դեռ դեկտեմբերին նման հայտարարություն է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ԵԱՏՄ երկրներին մասնակցության հրավիրելով ավիաշինարարության կոոպերացիոն շղթաներում։
Հիշեցնենք, որ երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանը սահմանափակեց մի շարք պարենային ապրանքների արտահանումը (հացահատիկ և բանջարեղեն) դեպի երրորդ երկրներ` բացառություն անելով ԵԱՏՄ երկրների համար։