Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացումը

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Դեռ վաղ է»․ Լավրովը՝ Ղարաբաղի հարցի վրա ՀՀ ընտրությունների ազդեցության մասին

«Անդրադարձել են մի շարք թեմաների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են