ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Բաքվի դատարանը Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ դատավարություն է սկսել։ Տեղեկությունը հայտնում Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանական ԶԼՄ–ների պնդմամբ` Դուբակովն Արցախում կռվել է հայկական կողմից։
Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն», «հանցավոր խմբում մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։
Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Էուլջեքչյանից բացի Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված մոտ 20 հայի նկատմամբ։
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը։
ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը պահանջել էր Բաքվից անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում