ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` մինչև հունիսի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39–ից +40 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հունիսի 23-27-ը ամբողջ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի, բայց երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Այսօր Երևանում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +23-ից +25–ի սահմանում։