Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար

ԱԺ պատգամավորը հորդորում է մյուս պատգամավորներին նույնպես միանալ իրեն, որպեսզի Չարչյանին չկալանավորեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնում է, որ պատրաստ է պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար։ Հովսեփյանն այս մասին գրել է Facebook–ի իր էջում` անդրադառնալով պրոֆեսորի շուրջ ընթացող գործընթացին։

Նշենք, որ այսօր 18։30-ին որոշվելու է Չարչյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում քննիչի ներկայացրած` նրան կալանավորելու միջնորդության հարցը։

«Վստահ եմ` գործի քննության վրա չի ազդելու Չարչյանի ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ` միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու»,–գրել է նա։

Հովսեփյանի խոսքով` ինքը հրապարակային է այդ մասին գրում, քանի որ կարծում է` հետո իրեն «քոչարյանական» են անվանելու, ինչպես նախկին պատգամավոր Վահան Բադասյանին երաշխավորագիր տված ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե Հովսեփյանը ԲՀԿ– ական է։ Սակայն Հովսեփյանը վստահեցնում է` դա իրեն չի անհանգստացնում` «կաղնուն մոլախոտով չես վախեցնի»։

Արմեն Չարչյանը մեղադրյալ է ճանաչվել․ միջնորդություն կա կալանավորման մասին

«Քանի դեռ արդարադատություն կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ արդարադատություն բառն անգամ շոշափել»,–իր խոսքն ամփոփել է նա։

Նշենք, որ ՀՀ քրեադատավարական օրենքի 147-րդ հոդվածը սահմանում է երաշխավորության իրականացման կարգը։ Մասնավորապես, գտնելով, որ երաշխավորողը վայելում է վստահություն, և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել անձնական երաշխավորությունը, քրեական վարույթն իրականացնող մարմինը դիմողին ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը։

Երաշխավորին բացատրում են իր իրավունքները և պարտականությունները` նախազգուշացնելով նաև պատասխանատվության մասին:

Դրանից հետո դիմողն իրավունք ունի հաստատել իր խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

ԿԸՀ–ն թույլատրել է Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան