Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել

Ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իրենց թիմում տարբեր կարծիքներ կան` մի մասը պնդում են, պետք է գնալ խորհրդարան, մյուս կողմը գտնում է, որ չարժե դա անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` պատասխանելով Փաշինյանի` երեկվա հանրահավաքում հնչեցրած առաջարկին` քաղաքական առողջ ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին։

Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին

«Դուք իրոք նկատե՞լ եք հաշտության ձեռք։ Ես չեմ նկատել։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ այս իշխանությանը հավատալ ուղղակի հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա ուրիշ բաներ է ասում ու անմիջապես դրանից հետո լրիվ հակառակն է ասում։ Սա ոճ է»,– ասաց Քոչարյանը` կարծիք հայտնելով, թե դա ավելի շատ արվել է դրսի աշխարհին ինչ–որ բան ցույց տալու համար։

«Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն մի 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հունիսի 22–ից սկսում է խորհրդակցություններ քաղաքական այն առողջ ուժերի հետ, որոնք հակված են երկխոսության։ Փաշինյանն ասել էր` ձեռք է մեկնում այն ուժերին, ում հետ հակասություններ ունեն։

Նա նաև երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։

Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը