Դատապարտյալները հափշտակել են տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը

Դատապարտյալները համաձայնության են եկել և խարդախության միջոցով ինչ–ինչ ապրանքներ են հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները բջջային հեռախոսների և այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի գործածմամբ հափշտակել են ՀՀ տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ահասարսուռ դեպք Սևանում. տղամարդը ծեծելով սպանել է մորը, օրեր անց ինքնասպան եղել

«2017թ. մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ 37-ամյա դատապարտյալը, բջջայինով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ «Հրազդանի» կալանավորը, տեղյակ չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին՝ պետռեգիստրում իր տվյալներով հիմնել ՍՊԸ, որի փաստաթղթերը և կնիքը փոխանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դրանից հետո սկսել են տեղեկություններ հավաքել մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ։ Այնուհետև կապ են հաստատել բազմաթիվ ընկերությունների հետ՝ ներկայացել են հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից և անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզել։ Դրանից հետո իրականությունից անտեղյակ վարորդների միջոցով ինչ–ինչ ապրանքներ են տեղափոխել տարբեր վայրեր և հափշտակել։

«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում

Նախաքննությամբ պարզվել է, որ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշենի» կալանավորին մեղադրանք է առաջադրվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով, «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին և 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել կրկին խարդախության հատկանիշներով։ 45-ամյա կինը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: