Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ելույթի վերջում Փաշինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հիշել Արցախյան պատերազմում զոհվածներին։ Ապա Փաշինյանին մի քաղաքացի հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:
«Մանդատը Սահմանադրության ձևն ունի, որովհետեւ խորհրդանշում է ոչ թե իշխանավորների դիկտատուրան, այլ օրենքի դիկտատուրան», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ մանդատում կան մուրճ, սուր, բահ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ և ուժեղ Հայաստան կառուցելու համար։
«Այդ մանդատը մենք կդնենք մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու։ Իսկ հիմա՝ գնացեք քնելու» - իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։